Եղիշե Չարենց 125-ամյակ

Այսօր մեր սիրելի պոետ, գեղագետ ու մտածող, հրատարակիչ, հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանն է։ Եղիշե Չարենցը մեր բազմադարյան գրականության ամենացայտուն ու սիրված դեմքերից է:Նրա թողած մշակութային ժառանգությունը անգերազանցելի է մեր գրական գանձարանում:Չարենցը զարգացման նոր մակարդակի հասցրեց աշխարհի ամենահարուստ բանարվեստներից մեկը՝ հայ ազգային պոեզիան:

 ՀԱՐԴԱԳՈՂԻ    ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ,ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից — իրիկուն
Ճամփա երթալ — ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական —
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ-
Ու հեռացանք:Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում,
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում —
Մութ,անհեթեթ,տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց,վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր-արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը — լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր,անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում -արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն — հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ,թե ինչու-
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն-
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-
Ու հեռացան:Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն:
Հոգ չէ,որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.

-Մենք կժպտանք,գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։