Պատմություն

Գրքի ճամփորդությունը կշարունակվի այնքան, որքան կհարատևի գիրք և ընթերցող փոխազդեցությունը:

Գրադարանում դարերի խորքից գրքերի միջոցով պահպանվել են տեղեկություններ, ընթերցողի առաջ բացելով մի դուռ՝ դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվական աշխարհ: Արմավիրի մարզային գրադարանը մարզում գրականության և տեղեկատվության սպասարկման ամենախոշոր կենտրոնն է:

Գրադարանը պահպանում և տարածում է ազգային և արտասահմանյան բազմադարյան գրական–մշակութային ժառանգությունը, բնակչությանը հասանելի դարձնում գիտական նվաճումներին, հասարակական–քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, զարգացումներին, կուտակում է գիտական, մշակութային և տարաբնույթ ինֆորմացիոն ռեսուրսներ:Ժամանակներին համընթաց գրադարանը հանդիսանում է հիմնաքար գիտելիքների տարածման և ամրապնդման գործում, զուգահեռաբար արդիականացնելով գրադարանային հավաքածուն, աշխատանքային մեթոդները և մոտեցումները:
Տասնյակ տարիների վաստակ ունեցող գրադարանը ձևավորվել է Արմավիր քաղաքի /նախկինում Հոկտեմբերյան /հիմնադրման առաջին օրերից: Սպասարկելով քաղաքի նոր ձևավորվող կուլտուր- լուսավորական հիմնարկների , արտադրական ձեռնակությունների և քաղաքի բնակչությանը: 1931 թվականին Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումից հետո, քաղաքում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ՝ այդ թվում գրադարաններ: 1938 թվականին հիմնադրվել է թիվ 1 քաղաքային գրադարանը՝ 200 միավոր գրականությամբ ։ Գրադարանի վարիչ է նշանակվել Մարուսյա Միրզոյանը։ Հետագայում, գրադարանը լրացվել է հարուստ գրքային ֆոնդով, որը համալրվել է փոստից ստացված ամենամսյա փոքրիկ գրքային կապոցների միջոցով:

1975 թվականի հունվարին Հոկտեմբերյանի տարածքի գրադարանները միավորվել են քաղաքի թիվ 1 գրադարանի գրքային ֆոնդին, ստեղծելով Գրադարանների կենտրոնացված համակարգ,54 մասնաճյուղ գրադարաններով։ Կենտրոնական համակարգը կենտրոնացրել է գրքերի համալրումը և գրադարանային մատենագիտական աշխատանքները:

2000 թվականից «Արմավիրի մարզի հանրապետական գրադարան»-ի տնօրեն է նշանակվել Աիդա Ղազարյանը: 2003 թվականի հունվարի 1-ին, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 5-ի 886-Ն որոշման համաձայն գրադարանը վերակազմակերպվել է «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի: